«4 տարի պահանջվեց, որ նրան ջնջեմ իմ կյանքից». Լիա Զախարյանը՝ չստացված հարաբերությունների մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/04/2020

«4 տարի պահանջվեց, որ նրան ջնջեմ իմ կյանքից». Լիա Զախարյանը՝ չստացված հարաբերությունների մասին



Իրեն բնորոշելիս նա միշտ ասում է՝ աշխատասեր եմ, և դա բնութագրվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած սեփական անձի զարգացումից, վերջացրած մասնագիտական գործունեությամբ: Դերասանուհի Լիա Զախարյանը միշտ աչքի է ընկնում պոզիտիվով, սակայն նրա կյանքում էլ կան բաց կետեր, որոնց մասին հիմնականում չի խոսում:

Իր զգացմունքային դաշտը Լիան նախընտրում է փակ պահել, սակայն Tert.am Life-ին տված այս հարցազրույցը բացառություն է: Լիան խոսել է սիրելու, կորցնելու, զգացմունքների, հայր չունենալու պատճառով ունեցած անքուն գիշերների և ոչ միայն այդ ամենի մասին:

-Լիա, վերջին տարիների ընթացքում շատ ես փոխվել. աշխատել ես թե՛ արտաքին տեսքիդ, թե՛ ձայնիդ, թե՛ ներկայանալուդ վրա: Ո՞ր կետը կուլմինացիոն դարձավ քեզ համար, որ հասկացար՝ պետք է փոխվել:

-Վերջերս ամեն օր արթնանում եմ ու հասկանում, որ ուրիշ մարդ քնեց, ուրիշն արթնացավ: Իմ փոփոխությունների պատճառ դարձան իրավիճակները, որոնցում հայտնվեցի, մարդիկ, որոնք եկան իմ կյանք ու գնացին, ձեռքբերումներս, որոնց հասել եմ իմ ուժերով, կորուստներս, որոնք եղան անկախ ինձնից՝ իմ թուլության կամ անուշադրության պատճառով, իմ հարազատները, որոնք ինձ թևեր ու ազատություն են տալիս:

Ես մանկուց պերֆեկցիոնիստ եմ եղել, փորձել եմ կատարելագործվել: Միշտ մտածել եմ, որ մարդը պետք է ինտելեկտուալ ռեսուրս ունենա իր մեջ, դրա համար լավ եմ սովորել, չեմ բավարարվել մի մասնագիտությամբ, 3 համալսարան եմ գնացել:

Ինչ վերաբերում է արտաքնին՝ ամեն տարիքում քեզ թվում է, թե իդեալական ֆորմայի մեջ ես: Հիմա հետ եմ նայում, մտածում եմ, որ 17 տարեկանում թմբլիկ էի, 58 կգ-ն իդեալական չէր, բայց այդ տարիքում ես ինձ իդեալական էի զգում: Մեր չափանիշները փոխվում են, և ես աշխատում եմ համապատասխանելու իմ չափանիշներին: Ես աշխատասեր եմ, դրա շնորհիվ կրթված եմ, կանոնավոր մարզվում եմ, ունեմ ձիգ, սլացիկ, առողջ մարմին, չեմ տրվում որկրամոլությանը, գայթակղվում այն ամենով, ինչն այսօր գրավիչ է երիտասարդների համար:



-Մինչև փոփոխությունները թերարժեքության բարդույթ, անհաշտություն ունեի՞ր քեզ հետ, թե՞ այդ ամենը մեխանիկորեն ստացվեց:

-Որոշակիորեն ունեի, որովհետև ես նայում էի ինձ էկրանից ու հասկանում էի, որ մեծ եմ երևում: Ես 25 տարեկան էի, իրականում, ինձ առավելագույնը 19 տարեկան էին պատկերացնում, բայց էկրանից երևում էի 28 տարեկան:

Տարեցտարի հասկացա, որ բնականն ավելի գեղեցիկ է: Օրինակ, հիմա չեմ թողնում նկարահանման ժամանակ թարթիչներ դնեն, որովհետև դա փոխում է իմ հայացքը, աչքերի փայլը: Ես չեմ ուզում շատ կոսմետիկայով փոխել իմ դիմագծերը: Ամեն ինչ անում եմ այնքան, որպեսզի ինքս իմ աչքին հաճելի լինեմ, սիրեմ ու գնահատեմ ինձ: Դա շատ կարևոր է: Քո ինքնագնահատականից է կախված, թե դիմացինն ինչքան կսիրի քեզ:

Նայելով ինձ կողքից՝ փոխել եմ բոլոր այն թերությունները, որոնք ինձ դուր չէին գալիս: Ես ամեն օր ինչ-որ բան փոխում եմ:

-Կան մարդիկ, որոնց մեր կյանքում հայտնվելը բեկումնային է դառնում մեզ համար...

-Իմ կյանքում եղել են մարդիկ, որոնց շնորհիվ ես իմ մեջ նոր Լիայի վերագտա: Երբ ինչ-որ մեկին կորցնում ես, դեպրեսիայի մեջ ես ընկնում, բայց հասկացել եմ, որ ոչ ոք հենց այնպես չի հայտնվում մեր կյանքում: Յուրաքանչյուրն իր միսիան ունի մեր «ես»-ի ձևավորման, ճակատագրի մեջ: Կան մարդիկ, որոնց միջոցով ես հասկացա, որ պետք չէ շատ ընկերներ ունենալ, շատերի հետ շփվել, կիսվել, շատ բան անել ու ակնկալել: Եղել է մարդ, որի միջոցով հասկացել եմ, որ այն, ինչ հիմա անում եմ իմը չէ, պետք է փոխեմ իմ գործառությունը, կարգավիճակը, նպատակներն ու ցանկությունները:


-Ո՞ր կորուստդ է ամենից շատ ցավ պատճառել քեզ:

-Ժամանակը: Ես ինձ սովորեցրել եմ ցավ չապրել մարդկանց կորցնելիս, չնեղվել, ինձ դժբախտ չզգալ: Երբ մարդուն գտնում ես, երջանկությունդ ակնթարթային է լինում, կորցնելիս էլ ցավն ու տխրությունը պետք է ակնթարթային լինեն: Մենք սովորում ենք մարդու ներկայությանն ու բացակայությանը: Այլևս մեծ ցավ չեմ ապրում, կոփվում եմ, ուղղակի ցավում եմ այն ժամանակի համար, որը նվիրում եմ ինչ-որ իրավիճակների, մարդկանց, բայց ոչինչ չեմ ստանում:

-Իհարկե, բոլորս գիտակցում ենք, որ ժամանակի կորուստն ամենավատ բանն է, բայց, ցավոք, թե բարեբախտաբար, ոչ միշտ ենք կարողանում գիտակցաբար վերահսկել մեր զգացմունքային դաշտը, հենց մարդկանց կորուստն է ազդում մեր զգացմունքային դաշտի վրա, հակառակ դեպքում, նշանակում է՝ չափազանց սառն ես:

-Իմ կյանքում 2 դեպք է եղել, որոնք արմատապես ազդել են իմ ապրելաոճի, զգացմունքային դաշտի, բնավորության վրա: 23 տարեկանում ձեռք բերեցի ինձ շատ հարազատ մարդու, որին ամիսներ անց կորցրի: Դա միակ դեպքն էր, որից հետո ես երկարաժամկետ դեպրեսիա ունեցա: 4 տարի պահանջվեց, որպեսզի ես իմ գիտակցության միջից ջնջեմ նրան, հասկանամ, որ նա չկա ու չի լինելու: Այդ 4 տարվա ընթացքում ես սպասում ունեի, որ չի գնացել, մոտակայքում է, ինձ նայում է, լսում, զգում ու հարմար առիթի է սպասում, որ վերադառնա: Ես միշտ պատրաստ էի ընդունել իրեն: Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ այդ 4 տարվա ընթացքում ես աշխատել եմ ինձ վրա, նոր Լիա է ծնվել:

Այդ ժամանակ ես անընդհատ մտածում էի՝ իմ մեղավորությունն է, ինչ-որ տեղ վրիպել եմ, որ իրեն կորցրել եմ, որովհետև մենք մարդկանց ձեռք ենք բերում և կորցնում ենք մեր ցանկությամբ և գործողություններով: Հիմա հասկանում եմ, որ դա իմ մեղավորությունը չէր, դա իմ ճակատագիրն էր: Ես ոչ թե պետք է տխրեմ, որ ինքը չկա, այլ ուրախանամ, որ այն ժամանակ է գնացել: Միևնույն է, գնալու էր, ավելի լավ է, որ այն ժամանակ գնաց, քան հիմա գնար:

Վերջերս ևս հարազատ մարդու ընդունեցի իմ կյանք: Երբ խոսում էինք կորուստներից, հարցրեց՝ ինչի՞ համար ես ափսոսում, ասացի՝ իմ 4 տարվա, որովհետև ես չեմ համարում, որ մենք 7 ամիս ենք ունեցել շփում, հարազատություն, հարաբերություն, ես մոռանում եմ  այդ ամիսն ու հիշում այն 4 տարին, որոնց ընթացքում սպասել եմ իրեն: Ասաց՝ Լիա ջան, սխալը քո մեջ էր: Ոչ ոք չի խնդրել 4 տարի սպասես, ակնկալես կամ դեպրեսիա ունենաս: Երբ նա գնաց, դու պետք է ամեն ինչ նորից սկսեիր: Այդ խոսքերից ես հասկացա, որ ոչ ոք արժանի  չէ, որ ես գեթ 1 ամիս հիշեմ, մտածեմ, տանջվեմ... եթե այդ մարդը չի գնահատում այն 4 տարին, որոնց ընթացքում ես սպասել նախորդ եմ հարազատ մարդուն, ուրեմն իրեն էլ արժանի չի համարում, որ խնդրի դեպքում սպասեմ իրեն: Այդպես էլ եղավ: Մեր բաժանումից հետո ինձնից քիչ ժամանակ պահանջվեց իրեն ջնջելու համար: Եթե առաջին դեպքում ինձնից 4 տարի պահանջվեց, հիմա՝ 4-5 ամիս:




-Ինքնամոռա՞ց ես սիրահարվում:

-Խոսքը միայն սիրահարվածության մասին չէ, կապվածության հարց է: Ես նվիրվում եմ մարդկանց: Ինձ ասում են, որ դա թերություն է, բայց ես առավելություն եմ համարում, որովհետև ամեն ոք ունակ չէ նվիրվելու: Ես ուրախ եմ, որ ունեմ այդ կարևոր որակը: Ես նվիրվել եմ ու այդ նվիրումից ունեցել եմ ակնկալիք, բայց դա իմ խնդիրն է: Ոչ ոք պարտավոր չէ արդարացնել իմ ակնկալիքները:

-Նշեցիր, որ երկրորդ դեպքում ավելի արագ վերականգնվեցիր, սակայն ավարտված հարաբերությունը միանգամից բաց թողնելը կամ մտովի դրանից չհրաժարվելը պայմանավորված է մարդու տեսակով. կամ կարողանում ես միանգամից դուրս գալ այդ վիճակից, կամ ոչ և, որպես կանոն, ամեն անգամ նույնն է:

- Ես դժվար եմ բաժանվում, որովհետև դժվար էլ ընդունում եմ: Արտաքուստ կարող եմ ասել՝ լավ, հասկացանք իրար, հաջողություն, բայց իմ ներսում դժվարությամբ եմ ասում այդ հաջողությունը, որովհետև ընդունելն էլ հեշտ չէր եղել: Ուղղակի երկրորդ դեպքում ես ավելի փորձառու էի: Անփորձ մարդու համար շատ դժվար է հարմարվել նոր իրավիճակին:

Ես կարողանում եմ ազդել իմ էմոցիոնալ դաշտի վրա: Ես կարողանում եմ անկեղծ խոսել ինձ հետ, ներթափանցել իմ մեջ, ճանաչել ինձ: Ես շատ մեծ հավատք ունեմ ոչ միայն Աստծո, այլև ինքս իմ հանդեպ:

Առաջին բաժանումից հետո ես իմ դեպրեսիան հաղթահարեցի, երբ առաջին անգամ Պահք պահեցի: Ամեն օր քնելուց առաջ ես խոսում էի Աստծո հետ, խոսում էի այն մարդու հետ, որին կորցրել եմ, խնդրում էի, որ նա ինձ ներեր, հետո խնդրում էի, որ Աստված ինձ թույլ տա ինքս ինձ ներել:

-Ինչի՞ համար չէիր կարողանում ներել քեզ:

-Որովհետև սխալն իմ մեջ էր: Եթե քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, նշանակում է՝ սխալը քո մեջ է: Դու իրավունք չունես մեղադրելու քո կյանք հյուր եկող մարդկանց: Դա քո կյանքն է, քո պատրաստած ուտեստը՝ մի քիչ աղի, մի քիչ կծու կամ մի քիչ քաղցր... այդպես է ստացվել քո ճաշակի, ընտրության, բնավորության արդյունքում: Պետք է քեզ մեղադրես, ուրիշին մեղադրելով ոչնչի չես հասնի:



-Եվ ո՞րն էր այդ սխալը:

- Երբ սիրահարվում ենք կամ մարդուն մեզ մոտ ենք ընդունում, նկատում ենք միայն այն, ինչը հաճելի է մեզ: Մարդուն նայում ենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, իսկ դա սխալ է: Պետք է դիմացինիդ ընկալես այնպիսին, ինչպիսին ինքը կա: Հաճախ մենք դիմացինին ընկալում ենք այնպես, ինչպես ուզում ենք, հետո դիմացինի վերաբերմունքը չի արդարացնում մեր ակնկալիքներն ու սկսում ենք մեղադրել: Դե ներողություն, Լիա ջան, իսկ ինչո՞ւ էիր նման վերաբերմունք ակնկալում: Մենք ստեղծում ենք իրավիճակներ ու ակնկալում վերաբերմունք, ինչը սխալ է:

Ես հասկացել եմ, որ ոչ միայն պետք է նայեմ, թե որքանով է մարդը հարմար ինձ, այլև ես որքանո՞վ եմ հարմար իրեն, չէ՞ որ ես էլ եմ անհատականություն, իմ առավելություններով, թերություններով, բզիկներով, ապրելաոճով, անցյալով ու ներկայով: Իհարկե, սերը ընտրովի չի լինում, բայց եթե գիտակցաբար ես մոտենում այդ հարցին, կարողանում ես ճիշտ մարդու ընտրել որպես քո կողակից:

-Ամենաերկար հարաբերություններդ որքա՞ն են տևել:

-7 ամիս: Երկրորդ հարաբերությունս 5 ամիս տևեց:

-Դու27 տարեկան ես ու, որպես այդպիսին, շատ երկար հարաբերություն չես ունեցել: Մենակությունը ինչ-որ առումով սովորական է դառնում, բայց, երբեմն, խանգարում է: Նեղվո՞ւմ ես մենակությունից:

-Ես նեղվում եմ նրանից, որ իմ մեջ շատ սեր կա, որն ուզում եմ նվիրել: Ուզում եմ առվակի պես բացել այն, որ հոսի դեպի նշանակետը, նա էլ երջանկանա, լուսավորվի, պայծառանա: Ես իմ մեջ շատ սեր ունեմ երկրագնդի վրա ամեն ինչի հանդեպ: Մեկ-մեկ զգում եմ, որ այդ սիրուց ծանրանում եմ, անհասկանալի տրամադրություն է գալիս, մեկ ուրախ եմ, մեկ՝ տխուր, փորձում եմ այդ սերն ու էներգիան ինչ-որ տեղ ծախսել:

Իսկ մենակությունից շատ չեմ նեղվում, որովհետև կյանքս լեցուն է. իմ կյանքում շատ մարդիկ կան՝ ընկերներ, հարազատներ, ծնողներ, ես ատամներով պահում եմ լավ մարդկանց, որովհետև նրանք հաշված են: Չպետք է իրենց կորցնել հպարտության պատճառով:



-Առաջին քայլ անել պատրա՞ստ ես:

-Այո, երբեք չեմ վախեցել դրանից: Բոլոր այն դեպքերում, երբ համարել եմ, որ մարդը, հարաբերությունը թանկ են ինձ համար և չեմ ուզում կորցնել, արել եմ քայլ:

Ինձ համար կապ չունի՝ ով արեց առաջին քայլը: Խոսքը նաև հակառակ սեռի հետ հարաբերությունների մասին է: Եթե իմ կյանքում կա տղա, որին սիրում եմ, ուրեմն ես եմ նրան ընտրել, հարաբերությունների մեջ «աչոկ» չեմ հավաքում, քայլերի հաշվարկ չեմ անում: Եթե նույնիսկ սխալը նրանն է, փորձում եմ քայլ անել, որովհետև գնահատում եմ մեր հարաբերությունն ու  իր ներկայությունն իմ կյանքում: Խոսքս, իհարկե, հաջողությունից հետո քայլ անելու մասին չէ, այդտեղ քայլի մասին խոսք լինել չի կարող: Ես քայլ անում եմ, երբ կա հարաբերություն, կան կոնֆլիկտներ:

-Իսկ ներքին կռիվներ հաճա՞խ ես ունենում:

- Մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ, բայց ես այսպես եմ ուզում անել, հետո ասում եմ՝ ստոպ, ինչի՞ կբերի քեզ այդ քայլը, դա այն արդյո՞ւնքն է, որն ուզում ես ունենալ՝ չէ, բա արժե՞ անել, կրկնակի ցավ զգալ, կորուստ ունել: Իհարկե, ոչ:

Առաջ ավելի շատ էի ունենում ներքին կռիվներ, որովհետև ինքս ինձ հետ անկեղծության չէի հասել: Ինձ հետ թրեյնինգներ արեցի, հիմա ինձ ճանաչում եմ, հստակ ասում եմ՝ չէ, Լիա ջան, դու այդպես արեցիր կամ ասացիր, որովհետև այսպես ես մտածում:

-Վերջերս սկսեցիր մենակ ճամփորդել, իսկ դա հստակ որոշում է, ոչ թե ստիպված ընտրություն:  Ինչո՞ւ մենակ:

-Եթե ճամփորդում ես ինքդ քեզ ճանաչելու, հասկանալու, բացահայտելու համար, միակ տարբերակը մենակն է: Ես ուզում էի ճանաչել ինձ՝ ինչպիսին կլինեմ մենակ, օտար երկրում, ինչպիսի՞ աղջիկ է մենակ Լիան, ի՞նչ  բնավորություն ունի, ինչպե՞ս իրեն կդրսևորի նոր իրավիճակում: Ինձ դուր է գալիս միայնակ հաղթահարել դժվարությունները: Երբ քեզ հետ մարդ կա, խնդիրները կիսվում են նրա հետ, երբ մենակ ես, ուրիշ  մարդ ես դառնում, քո մեջ արթնանում են քո քնած կարողությունները, որովհետև գիտես՝ օգնող չկա:

Հռոմում քաղցր օդ էի շնչում, բերանումս քաղցր թուք էր ձևավորվել: Գուցե, այդպիսի տարբերություն էի զգում, որովհետև այստեղ վերջին շրջանում ճիշտ բառեր չէի օգտագործել, բարի, լավ արտահայտություններ քիչ էի արել: Հռոմում չկար մարդ, որի հետ կխոսեի իմ լեզվով, արդեն հայտնի թեմաներով: Ինձ մոտ ամեն ինչ նոր ու մաքուր էր, խոսքս լեզուս, բառերս նոր էին, ես էի նոր մարդ: Նոր վայրում նոր մարդ էի, ինձ պետք չէր որևէ մեկը, ով ինձ կհիշեցներ Լիային:



-Երկրորդ հարաբերություններդ նո՞ր էիր ավարտել:

-Այո:

-Ճամփորդություններիդ մասին խոսելիս միշտ պատմում ես նոր ծանոթություններիդ մասին: Ամեն դեպքում, այդքան էլ չես ձգտում մենակ մնալ:

-Ես ամեն քաղաքում տեղացի ընկերներ եմ ձեռք բերում: Ինձ հետաքրքիր է իրենց աչքերով ճանաչել իրենց քաղաքը, իրենց բերանի համով ճանաչել իրեն խոհանոցը: Այդպես դու ժամանակավորապես իրենցից մեկն ես դառնում: Հետաքրքիր է:

-Իսկ ճամփորդական սիրավեպեր ունենո՞ւմ ես:

-Չէ, ես դրան չեմ հավատում և չեմ տրվում: Ես պատրաստ չեմ ժամանակավոր սիրավեպերի: Դա իմը չէ: Ես ունակ չեմ տրվելու ժամանակավոր վայելքների, սիրավեպերի: Երբ նույնիսկ արական սեռի ընկերներ եմ ձեռք բերում, ինձ այնպես եմ դրսևորում, որ իրենց մտքով էլ չի անցնում, որ կարող ենք սիրավեպ ունենալ, անցնի, գնա:

-Երբ հետ ես նայում, ինչի՞ համար ես ամենից շատ փոշմանում, ինչի՞ համար ես ուրախանում: Առանձնացրու այն դեպքերը, որոնք առաջինը եկան մտքիդ:

-Ուրախանալու համար մտքիս միանգամից շատ բաներ եկան ու հասկացա, որ հենց դրա համար եմ ուրախ, որ շատ պատճառներ ունեմ ուրախանալու համար: Փոշմանել վախենում եմ... իմ ամեն սխալի շնորհիվ ուժեղ կողմ եմ բացահայտել: Ես ունեմ 10 մատ և համարում եմ, որ ունեմ սխալվելու 10 իրավունք՝ կապ չունի, որ ոլորտում: Երբ, օրինակ, ճկույթս վնասվում է, սկսում եմ ակտիվ աշխատացնել այն և առավելություն եմ ձեռք բերում, որի մասին չգիտեի:

Մամաս ասում է՝ այնպես արա, որ իմ սխալները չկրկնես, ասում եմ՝ մինչև ես չսխալվեմ, չեմ հասկանա, որ դա սխալ էր: Ես անհատականություն եմ, պետք է իմ ճանապարհն անցնեմ:



-Քանի՞ մատիդ չափով ես արդեն սխալվել:

- Առավելագույնը 3: Շատ սխալներ չունեմ: Մի կրթական սխալ ունեմ, որն ինձ այլ ուժեղ կողմ տվեց, մի ընկերական սխալ ունեմ, որն ինձ հասկացրեց՝ ինչպես պետք է ընտրել ընկերների, մի հատ էլ անձնական սխալ ունեմ, թե ինչպես պետք է հարաբերությունները կարգավորել:

-Հիմա պատրա՞ստ ես ընտանիք ունենալու, երկարատև հարաբերությունների:

-Միշտ եմ պատրաստ: Հիասթափվելն ու հանձնվելն իմ համար չեն:

Երազում եմ ունենալ իմ ընտանիքը՝ իմ ամուսինը, իմ բալիկները՝ իմ փոքրիկ Լիուկները, որոնք տանը կվազվզեն: Ես երազում եմ իմ օջախի, իմ խոհանոցի տաք սննդի մասին:

-Լիա, հիմա մայրիկդ Մոսկվայում է ապրում: Միայն մայրիկի հետ մեծացած երեխաները, հիմնականում, ավելի կապված են լինում նրա հետ: Ինչպե՞ս ես հաղթահարում կարոտդ:

-Ես կարողանում եմ հաղթահարել կարոտը, քանի որ այդ առումով կոփված եմ: Երևի, մի ծնողի մոտ մեծացած երեխաների մոտ ակամա ձևավորվում է այդ ունակությունը: Երբ մանկուց չես տեսնում ծնողներիցդ մեկին, սովորում ես չկարոտել, որովհետև գիտես, որ դա չի արդարացվելու: Միշտ սովոր եմ եղել մի քիչ մամայիս, մի քիչ տատիկիս մոտ մնալ: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկի մոտ մնալու արդյունքում սովորել եմ ոչ տատիկին շատ կարոտել, ոչ մամային: Իհարկե, դա չի նշանակում, որ զգացմունքային  պոռթկումներ չեմ ունենում, հենց զգում եմ, որ կարոտս արդեն խեղդում է, տոմս եմ գնում, մեկնում Մոսկվա: Մեկ-մեկ ասում եմ՝ վայ չեմ դիմանում, բայց մի քիչ անցնում է ու ասում եմ՝ չէ, բայց ստացվում է (ժպտում է, հեղ.):

-Հայրիկիդ հետ հանդիպեցիր քո նախաձեռնությամբ, երբ արդեն չափահաս էիր: Հիմա ձեր հարաբերություններն ինչպե՞ս են:

-Լավ, ոչ մի խնդիր, բաց չկա: Ես գիտակցում եմ, որ նա իմ հայրն է ու նրան վերաբերում եմ այդպես:

-Գիտակցել, հասկանալ, խնդիր չունենալ... այս բառերն ինքնին խոսուն են: Որպես կանոն՝ առօրյա խնդիր կարող է լինել, երբ կան համապատասխան ջերմ հարաբերություններ, հակառակ դեպքում «իրավունքի» հարց էլ է առաջանում, օրինակ, կա՞ իրավունք խնդիր ստեղծելու:

-Դու ջան ես ասում, ջան ես լսում, զգում ես՝ հետաքրքրվում է քեզանով, քո գործով, անձնական կյանքով, դու էլ՝ իր, բայց սահմաններ կան, որոնք չեք անցնում: Այդ շատ ջերմությունը, որ, օրինակ, գնաս, փաթաթվես, սկսես կիսվել, ինչպես սովորաբար լինում է հայրերի և աղջիկների միջև, չկա: Կա սիմվոլիկ, գիտակցական հարաբերություն: Շփումն այն հեռավորության վրա է, որը մեզ թույլ տալիս մեր բաց թողածը:



-Լիա, կոփվում ես ցավ ապրելու արդյունքում: Քեզ մոտ ո՞ր շրջանում է ավելի սուր դրսևորվել այդ ցավը:

-Դպրոցական տարիներին անցումային տարիք է գալիս, որը բարդ է, նեղվում ես թե՛ դասընկերներից, թե՛ ուսուցիչներից, տեսնում ես՝ ինչ-որ մեկի պապան եկավ, իր համար հարց լուծեց կամ ցուրտ էր, դպրոցից տարավ պարապմունքի, հարցրեց՝ ինչո՞ւ է ֆիզիկայի դասատուն քեզ նեղացրել, թող գա այստեղ… Տղաները կարող են նեղացնել քեզ, չգիտես՝ ում դիմել:

Այդ շրջանում շատ եմ նեղվել, մտածել՝ ինչու հիմա չկա, որ իմանա՝ ես ինչից եմ նեղված: Գիշերները լացել եմ, կռիվ տվել, թե ուր է, ուզում էի լիներ, ինձ վրա էլ ջղայնանար, ինձ նեղացնողների վրա էլ, բայց ինքը չկար:

-Հե՞շտ ներեցիր այդ ապրումներիդ համար:

-Ես չգիտեմ՝ ինչպես եմ ներել, ես անգիտակցաբար եմ ներում: Երբ դադարում ես մարդուց ակնկալիք ունենալ, դադարում ես նաև վիրավորված ու նեղացած լինել:

-Հայրդ ևս մի աղջիկ ունի, որը քեզանից 7 տարի փոքր է: Նրա հետ շփում էլ ես սկսել: Իր հետ հարաբերություններն է՞լ են սիմվոլիկ:

-Չէ, իր հետ շատ լավ է ամեն ինչ: Կարող եմ լիարժեք ազատ, անկեղծ լինել, գնալ, գրկել, խփել, պաչել, ծեծել: Մենք գիտակցաբար պինդ պահում ենք մեր հարաբերությունները:

-Ներքին խանդ չունե՞ս, որ նա ունեցել է այն, ինչի պակասը դու զգացել ես:

-Չէ: Ես չեմ կարող 100 տոկոսով վստահ լինել, որ նա երջանիկ է այն իրավիճակում, որն ունի: Գուցե հայր ունեցող աղջի՞կն էլ խնդիրներ ունի, որոնց մասին հայր չունեցող  աղջիկը չգիտի:

Комментариев нет: