Կորոնավիրուս՝ 21- րդ դարի ժանտախտը. ինչպես խոուսափել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Կորոնավիրուս՝ 21- րդ դարի ժանտախտը. ինչպես խոուսափել


Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք է հաստատված: Առաջինը գրանցվել էր մարտի 1-ին, երեքը՝ մարտի 11-ին, երկուսը, որոնք, մեկուսացված անձանց շրջանում էին, մարտի 12-ին, և ևս երկուսը՝ այսօր, մարտի 13- ին: Ներկայում մեկուսացված է մոտ 100 անձ:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ վերջին վարակվածները մեկուսացվել էին Էջմիածնում կորոնավիրուս ունեցող անձի հետ շփվելու պատճառով:


«Այս պահին նրանք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն: Դարձել է ախտանիշ՝ ջերմությունը բարձրանում է, ինչ-որ ժամանակ հետո իջնում նորից: Այդ անձանց ընտանիքների անդամներն արդեն մեկուսացված են: Պարզվում է նաև՝ արդյոք կա՞ն մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք»,- ասաց նախարարը:


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը Vnews- ի հետ զրույցում նշեց, որ օդանավակայանում և ցամաքային սահմանին ջերմաչափումը համարվում է բավարար միջոց, որպեսզի հնարավոր լինի հիվանդին հայտնաբերել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Առողջապահության նախարարությունը հետևում է նաև տնային հսկողության մեջ գտնվող մարդկանց:

«Աննշան ախտանիշների դեպքում անմիջապես հոսպիտալացվում են: Սա նաև ինքնագիտակցության խնդիր է: Կարանտինային հսկողությունը տևում է 14 օր»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Որո՞նք են հիվանդության ախտանիշները. վարակված անձինք կարող են ախտանիշ չունենալ, կամ նրանց մոտ կարող են ի հայտ գալ տենդ, հազ, հևոց: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ՝ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ՝ հանգեցնելով թոքաբորբի, օրգանների աշխատանքի անբավարարության և մահվան:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ինկուբացիոն շրջանը գնահատել է երկուսից տասն օր և երկուսից 14 օր՝ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները: Հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչև 24 օր:

Ինչպե՞ս պաշտպանվել. առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդ է տրվում օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, պահպանել պատշաճ շնչառական հիգիենա:

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ կորոնավիրուսով վարակվա՞ծ եք, թե՞ ոչ. դրա համար հարբուխ, հազ, ջերմություն ունենալու դեպքում պետք է զանգել տեղամասային բժշկին կամ օպերատիվ շտաբ՝ 060 80 80 03 հեռաոսահամարով, որից հետո մասնագետները, հետազոտելով դիմողին, կպարզեն՝ կարիք կա՞ կորոնավիրուսի թեստ անցնել թե ոչ:

Կորոնավիրուսը պատված է թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ՝ նմանվելով թագի․ այդտեղից էլ ծագել է «կորոնավիրուս» անվանումը:

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշը՝ որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի: Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ վարակված անձինք շնչում, հազում կամ փռշտում են: Կտորի և երկաթի վրա վիրուսը գոյատևում է 12 ժամ:

Մարտի 13-ի՝ Երևանի ժամանակով առավոտյան 10-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 132 հազարի: Մահացել է մոտ 5000 հիվանդ, ապաքինվել է 70 հազարը: Նոր կորոնավիրուսի դեմ առայժմ պատվաստում գոյություն չունի, մասնագետները շարունակում են աշխատել այդ ուղղությամբ:

Ցուցաբերե՛ք զգուշություն, խելամի՛տ վարվեք և հետևե՛ք հիգիենայի կանոններին:

Комментариев нет: