Հարցազրույց հայ էրոտիկ գրականության հիմնադիր Կարինե Աղաբեկյանի հետ - Erevan.live

Լրահոս

8/13/2019

Հարցազրույց հայ էրոտիկ գրականության հիմնադիր Կարինե Աղաբեկյանի հետ



Ինչպե՞ս սկսեցիք գրել։
-Նախ Ձեզ ասեմ, որ ես մասնագիտությամբ երաժիշտ եմ`երգեհոնահար և քսան տարի շարունակ համերգներով հանդես եմ եկել Սովետական Միության բոլոր այն քաղաքներում, որտեղ երգեհոն կա,  ու նաև արտասահմանում,  այսինքն՝ իմ խառնվածքով ստեղծագործող անձ եմ: Հետո եկան 90-ական թթ., երբ լույս չկար, իսկ երգեհոնը հոսանքով է աշխատում, և ես հաճախ գնում էի, նստում  երգեհոնի կողքին ու չէի կարողանում պարապել. հոսանք  չկար, և դա սոսկալի էր: Բնականաբար, համերգները վերացան... Բայց ես կարողացա հաղթահարել հուսալքությունը և,  քանի որ որպես երաժիշտ ինձ կայացած էի համարում, հրաժարվեցի իմ մասնագիտությունից և մտածեցի զբաղվել ուրիշ բանով: Այդ ժամանակ վաճառքում հայտնվել էին ռուսերեն  թարգմանված՝  սիրավեպի ժանրի գրքեր, որոնք մեծ հաջողություն ունեին աղջիկների ու կանանց շրջանում: Դրանք ինձ նույնպես շատ հետաքրքրեցին, և ես մտածեցի, թե ինչու պետք է հայուհիները սիրավեպ կարդան միմիայն ռուսերեն, այն էլ օտարերկրացիների իրականության, նրանց հարաբերությունների մասին: Գուցե կարելի է գրել ավանդույթներով հարուստ, մեզ հոգեհարազատ իրականության,  մեր հայ զույգերի սիրային կամ ամուսնական փոխհարաբերությունների մասին...  Ընդհանրապես, ես վառ երևակայություն ունեմ, և գլխումս մի սյուժե էր պտտվում:

Մի օր սկսեցի ամուսնուս դա պատմել, նա էլ ասաց՝ ինչո՞ւ ես պատմում,  գրիր, համակարգիչը դրեց դիմացս և սովորեցրեց՝ ինչպես օգտվել: Ու ես սկեցի գրել, որովհետև մի այլ ձևով ինքնարտահայտվելու բուռն ցանկություն ունեի: Դա ինձ լրիվ կլանեց. գրելիս իմ զգացմունքներն արտահայտում էի ոչ թե երաժշտության, այլ խոսքի միջոցով, և եթե նվագելիս կատարում էի ուրիշի ստեղծագործությունները, ապա այս դեպքում ավելի անկաշկանդ էի, քանի որ ինքս էի տնօրինում իմ գրչին:  Այդ առաջին՝ «Սիրո հասունացում» սիրավեպի հերոսուհին դաշնակահարուհի է, շատ ակտուալ թեմա է երաժիշտ-կնոջ՝ հատկապես հայուհու համար, որը պետք է  կարողանա համատեղել համերգային շրջագայությունները իր ընտանեկան պարտականությունների  հետ: Երկու ամսում գրիքն ավարտեցի:  Շնորհանդես արեցինք, մեծ աղմուկ բարձրացավ, շատ հետաքրքիր արձագանքներ եղան, լրագրողներ էին հավաքվել: Իսկ «Առավոտ» լրագրում ծաղրական հոդված հայտնվեց առաջին գրքի վերաբերյալ, թե այդ ինչ է՝ կոճակներն արձակում է, իսկ հետո ոչինչ տեղի չի ունենում: Ես էլ մի թունդ պատասխան տվեցի  և հատուկ այդ լրագրողուհու համար մի էրոտիկ բաց տեսարան գրեցի, որպեսզի ցույց տամ, որ ոչ թե չեմ կարող գրել, այլ պարզապես միշտ ջանացել եմ սիրո տեսարանները գեղեցիկ կերպով, զգացմունքների միջոցով արտահայտել,  ոչ թե գռեհիկ ձևով։ Եվ «Առավոտը» տպագրե՜ց իմ պատասխանը: Այնուհետև այնքան տարվեցի, որ առաջին մեկ տարվա ընթացքում իրար հետևից գրեցի երեք գիրք:  Իմ սյուժեների մեծ մասը մտացածին է,  թեև «Կնոջ մենամարտը» գրել եմ՝ լսելով ընկերուհուս դառը պատմությունը:  Իմ առաջ խնդիր էի դրել,  թե ինչ ձևով կարելի է վերադարձնել ամուսնու սերը:

Ինչու՞ որոշեցիք գրել հենց սիրավեպեր։
-Նախ՝ ինձ միշտ հետաքրքրել է ռոմանտիկ ժանրը, և քանի որ լավ տիրապետում եմ ֆրանսերենին,  այդ լեզվով ծանոթացել եմ այս ժանրի բարձր գրականության գրեթե բոլոր նմուշներին, և իհարկե այդ ռոմանտիկ ոճը ավելի հոգեհարազատ է կնոջը։ Ու թեև ես էլ չեմ խորշել էրոտիկ տեսարաններից, փորձել եմ այն մատուցել գեղեցիկ ձևով։ Այսինքն, որ դու կարդաս ու ապրես նույն զգացմունքները, այլ ոչ թե ինչ-որ անպարկեշտ բաներ պատկերացնես գռեհիկ բառերի միջոցով։ Դա սիրո՝ կնոջ ընկալումն է: Կարծում եմ՝ տղամարդիկ նույնպես պետք է ընթերցեն այդ ժանրի գրքերը, որպեսզի հասկանան կնոջ հոգին, նույնիսկ՝ կնոջը սիրելու ձևը:  Սիրավեպն ունի իր սեփական կանոնները: Այս գրքերը կանանց հատկապես գրավում են սիրավեպի համար պարտադիր՝ «անմար սիրո» գաղափարի և «երջանիկ ավարտի» շնորհիվ:

Իմ կարծիքով էրոտիկ գրականությունը այդքան էլ տարածված չէ Հայաստանում, այդ դեպքում կասե՞ք` ովքե՞ր են Ձեր ընթերցողները։
- Եթե հետաքրքրվեք գրադարաններում, ապա իրոք կտեսնեք, որ ընթերցողների թիվը այդքան էլ քիչ չէ, քանի որ գրեթե բոլոր գրքերս ահավոր մաշված, պատառոտված, նորից կարգի բերված վիճակում են։ Խնկո Ապոր գրադարանում կա հատուկ գրադարակ, որին առանձին շարված են իմ գրքերը: Նաև գրքեր եմ նվիրել Դիլիջանի գրադարանին, և ասում են՝ այնտեղ էլ կանայք ու աղջիկները մեծ հաճույքով  ընթերցում են դրանք: Ես  հիացական շատ կարծիքներ եմ լսել  ընթերցողներիս հետ հանդիպումների ժամանակ, որոնք կազմակերպվել էին գրադարաններում:

Արդյոք չե՞ք ստանում վատ մեկնաբանություններ ընդդեմ Ձեր ստեղծագործական աշխատանքի։
-Իհարկե եղել են վատ մեկնաբանություններ, քանի որ ես առաջինն էի և մնում եմ առաջինը։  Մի այդպիսի քննադատական հոդվածի ըստ արժանվույն պատասխանել եմ`օրինակ բերելով այդ ժանրի նշանավոր գրողներին։ Որքան էլ նրանց քննադատեն` ասելով, թե դա բարձր գրականություն չէ,  նրանց գրքերը միլիոնավոր տպաքանակով վաճառվում են ամբողջ աշխարհում։ Կարող եմ շատերին նշել. «սիրավեպի թագուհի» Ջուդիթ Մաքնոթ, Ջուդ Դևերո, Սանդրա Բրաուն, Նորա Ռոբերտս... նրանց գրքերը աշխարհում ամենապահանջվածների շարքում են:  Իսկ ինչո՞ւ, որովհետև դրանք մեզ հաճույք են պատաճառում, օգնում են լիցքաթափվել օրվա լարվածությունից,  սովորեցնում են, որ կյանքի անգամ անելանելի իրավիճակներում չարժե վհատվել, այլ համբերությամբ ու լավատեսությամբ զինվելով՝ պայքարել սեփական երջանկության համար:

Արդյոք Ձեր բոլոր ստեղծագործությունները և նրանց հերոսները հորինված են, թե որոշները հիմնված են իրականության վրա։
-Իմ ստեղծագործությունների մեծ մասը երևակայության արդյունք է, բայց հերոսներս իդեալականացված չեն, այսինքն՝ կյանքի ռեալ կերպարներ են։ Օրինակ` տղամարդկանց կերպարներից ուզում եմ առանձնացնել գրքերիցս մեկի հերոսին, որը լրագրող է և սկզբում գուցե ընկալվում է որպես բացասական կերպար, բայց իմ սիրելի հերոսներից մեկն է:  Նրանք բոլորն էլ տարբեր են, բայց կարևորն այն է, որ զույգերը ի վերջո հասկանան միմյանց, կարողանան որոշ հարցերում զիջումների գնալ, կարողանան ներել։ Սերը առանց դրա չի լինում, կլինեն վեճեր, տարաձայնություններ, բայց պետք է կարողանալ այդ ամենը միասին հաղթահարել:

Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից  գրականության մասին։ Ինչպե՞ս պետք է այն սեր առաջացնի ընթերցանության նկատմամբ։
- Գիտեք. նախ՝ գրականությունը պետք է հոգեհարազատ լինի ընթերցողին, ունենա ինչ-որ գաղափար: Ամեն գիրք չէ, որ քեզ տանում է միչև վերջ: Նաև կարևոր է նախադասությունների սահուն երաժաշտականությունը: Արդեն երկու-երեք տարի է  ես չեմ գրում և զբաղվում եմ թարգմանություններով։ Հետաքրքիր գրքեր եմ թարգմանում  ֆրանսերենից  «Գիտանք» հրատարակչության «21-րդ դարի արձակ» և «21-րդ դարի քրեավեպ» շարքերի համար: Ուստի  լավ ծանոթ եմ Եվրոպայի, Կանադայի այդ դարի լավագույն գրողների գործերին։ Թարգմանելիս ես ջանում եմ հնարավորինս հարազատ մնալ հեղինակի ոճին և սահուն ձևով կառուցել նախադասությունները՝ հեշտությամբ կարդալու համար:

Իսկ ի՞նչ կասեք ժամանակից հայ գրականության մասին։ Արդյոք ներկայումս կան գրողներ, ովքեր սեր են առաջացնում գրականության նկատմամբ։
 -Անկեղծ ասած ես մի քանի անուն կարող եմ թվել, հիմա շատ ժամանակ չունեմ ընթերցելու, բայց կարդացել եմ, օրինակ, Խեչոյանի պատմվածքը և շատ եմ հավանել։ Կա նաև մի հետաքրքիր աղջիկ` Սյունե Սևադա,  շատ յուրօրինակ պատմվածքներ ունի, տաղանդավոր աղջիկ է, նա շատ հետաքրքիր է գրում։

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը և ի՞նչ եք առհասարակ կարդում։
 -Իմ կարդացած վերջին գիրքը հենց հիմա էլ ձեռքիս տակ է՝ Վանեսա Ֆիչից մի սիրավեպ:  Գրեթե ամեն օր քնելուցս առաջ մի որևէ թեթև սիրավեպ եմ կարդում՝ ուղեղս հանգստացնելու և լիցքաթափվելու համար:  Հեղինակները շատ են՝  Նիկոլաս Սպարկս, Ջոջո Մոյես, Ագաթա Քրիստի... Եվ ընդհանրապես գիրք կարդալը գերադասում եմ ֆիլմ դիտելուց, քանի որ ընթերցելիս  կարող ես պատկերացնել ամեն ինչ, իսկ ֆիլմը ուղղակի պատրաստի մատուցում է։ Գիրքը հնարավորություն է տալիս երևակայել, մասնակցել հերոսների կյանքին, այդ պատճառով իմ հոգևոր բավարարվալությունը ես ստանում եմ ընթերցանության միջոցով։


Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։



Հեղինակ՝ ԴավիթԱբովյան

No comments: