Նեմռա խմբի Վանը խոսում է խմբի ստեղծման, անվան ընտրության և այլ մանրամասների մասին - Erevan.live

Լրահոս

8/11/2019

Նեմռա խմբի Վանը խոսում է խմբի ստեղծման, անվան ընտրության և այլ մանրամասների մասին




Երբ հետ եմ նայում նոր եմ հասկանում, որ սարսափելի դժվար էր Նեմռայի համար էս ամեն ինչին հասնելը, չնայած հուսով եմ, որ դեռ էս ամենը սկիզբն է:


Ու՞մ  նախաձեռնությամբ ստեղծվեց խումբը.
- Խումբը ստեղծելու առաջին քայլը կարելի է ասել ես արեցի՝ էլեկտրական կիթառ գնելով, մորաքրոջս տղայի հետ մի օր որոշեցինք ինձ կիթառ առնել, գնացինք ու գնեցինք… Բայց խումբ ստեղծելու գաղափարը իմ ու հարազատ եղբորս՝ մեր բասս կիթառահար Վասպուրի մտքով, երևի նույն ժամանակահատվածում անցնում էր նախքան իմ՝ էլեկտրական կիթառ գնելը:

Ինչպե՞ս որոշվեց որ խմբում աղջիկ պետք է լինի.
-Ես ու Վասպուրը մեր բակի տղերքից մեկի՝ Գեղամի հետ որոշեցինք խումբ ստեղծել, մենք կիթառ նվագել էինք սովորել ինքնուս,  Գեղամը դաշնամուր էր նվագում, մեզ հարվածային գործիքներ նվագող էր պետք, և կապ չուներ տղա թե աղջիկ, հետո Գեղամի ընկերոջ՝ Նիկոյի միջոցով ծանոթացանք Մարիաննայի հետ՝ ով մի քիչ կարողանում էր բառաբան նվագել… Հետո հավաքվեցինք փորձին, առանց իմանալու ամեն մեկիս դերը խմբում, պարզվեց Մարիաննան պրոֆեսիոնալ դաշնակահարուհի  է, ու որոշեցինք, որ Գեղամը դառնա բառաբանշիկ, Մարիաննան դաշնակահար:  Հետո տարիներ անց Գեղամի հետ տարբեր հարցերում չհասկացանք իրար և իրեն փոխարինեց Մարիաննայի հարազատ եղբայրը՝ Մառեկը, ում հետ նվագում ենք արդեն մոտ 2-3 տարի

Խմբի անվան ընտրության հարցում երկա՞ր եք մտածել.
-Անվան հարցում ուզում էինք գոյություն չունեցող բառ լինի, որ մարդիկ արտասանեն ու միայն մեր խմբի անունը էդպես հնչի, մի օր Մարիաննան կատակով ասեց Արմենի հակառակը, մենք էլ լրջին տվեցինք, լավ էր հնչում, հայկական արմատ կար, որոշեցինք օրինականացնել էդ անունը

Դժվար չէր արդյո՞ք աշխատել Մարիաննայի հետ, որպես խմբի միակ աղջիկ ներկայացուցիչ.
 - Դե սկսենք նրանից, որ Մարիաննան առաջին հերթին մարդ էակ է  և որպես մարդ իր հետ շատ հեշտ է աշխատելը, երաժշտության մեջ սեռը էական չէ, իսկ որպես աղջիկ լիքը թիթիզ-միթիզ բաներ ա մտցնում խմբում, մեզ՝ տղերքիս, որ մնար միշտ նույն հագուստով բեմ կբարձրանայինք, օրինակ, էդքան զայլա չունենք մտածելու թե էս անգամ ինչ հագուստ ընտրենք հագնելու… ինքը մեզ հուշում ա: Հետո մենք ալարել շատ ենք սիրում, ինքը անհնդհատ բզում ա, որ աշխատենք, ոտնահարում ա մեր իրավունքները:


Ինչպիսի՞ ճանապարհ եք անցել սկզբնական շրջանում, որպես նոր խումբ, արդյո՞ք եղել են բացասական կարծիքներ ձեր խմբի մասին.
-Երբ հետ եմ նայում նոր եմ հասկանում, որ սարսափելի դժվար էր Նեմռայի համար էս ամեն ինչին հասնելը, չնայած հուսով եմ, որ դեռ էս ամենը սկիզբն է, բայց անցած 6 տարիների ընթացքում (ի միջի այլոց էսօր Նեմռայի ծնունդն ա) էդ տարբեր դժվարությունները պրոցեսի մեջ չենք էլ զգացել համարյա, տարված լինելով նրանով ինչ անում ենք, ամեն մի վատ կարծիքից հետո մի նոր լավ երգ ենք գրել ու հասկացել, որ էդ երգը ավելին արժե քան էդ վատ կարծիք ասած մարդու ամբողջ կյանքը:
  
Կա՞ որևէ ռոք խումբ որին փորձել եք նմանվել.
-Խմբի ստեղծման հենց առաջին օրվանից միշտ խուսափել ենք նմանվել մեր սիրած խմբերին: Դա հիվանդության նման բան ա, երբ մի խմբի շատ ես սիրում անկախ քեզանից սկսում ես նման բաներ անել, դրա համար ես բազմաթիվ ազդեցություններից կտրվելու համար ամիսներով չէի լսում իմ սիրած խմբերին, քանի որ դեռ այն ժամանակ ամբողջական, վերջնական տեսքի չէր եկել Նեմռան, հիմա արդեն էդ վտանգը չի սպառնում վերջին մի քանի տարիներին, որովհետև արդեն լիարժեք բացահայտել ենք ինքներս մեզ: Եվ եթե հիմա ինչ-որ մեկը կարդում ա, որ ուզում ա նոր խումբ ստեղծի խորհուրդ կտամ չնմանակել հանկարծ, քանի որ էդ թակարդ ա, որից քիչ երաժիշտներ են դուրս գալիս, իհարկե կան մարդիկ, որ տենց նմանակելով էլ են հաջողությունների հասնում, բայց էդ երբեք նույն հաճույքը չի պատճառի, երբ դու քեզնով ես հասնում որոշակի հաջողության:



Խոսենք նաև Եվրատեսիլի մասին, ինչպե՞ս ծագեց հայտ ներկայացնելու միտքը.
- Հայտ ներկայացնելու միտքը ծագեց մեր երկրպագուների շնորհիվ, ամեն օր գրում էին ու ստիպում մասնակցել, երբ հետաքրքրվեցինք այս տարվա կանոններով և հասկացանք, որ այս տարի մասնակիցները կարող են ներկայանալ իրենց գրած երգով, որոշեցին մենք էլ մասնակցել:

Երգն ինչպե՞ս ընտրեցիք.
 Երգի ընտրությունը շատ հեշտ էր, սա մեր բազմաթիվ երգերի մեջ միակ երգն էր, որ 3 րոպեն չէր գերազանցում և այդպիսով համապատասխան էր Եվրատեսիլի ձևաչափին:

Ըստ ձեզ եթե ոչ ձեր խումբը, ապա ու՞մ կցանկանայիք տեսնել Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ.
- Ամեն օր կարծիքս փոխում եմ էս հարցի շուրջ, ավելի լավ է տեսնենք բոլորին բեմի վրա, ինձ թվում ա շատ բան այդտեղից կպարզվի:

Այս տարի չանցնելու դեպքում կփորձե՞ք ձեր ուժերը հաջորդ տարի.
-Եթե Հայաստանում լինենք, էդ շրջանում ուրիշ ավելի կարևոր գործունեությամբ զբաղված չլինենք և կանոնները նույնը լինեն, անպայման մյուս տարի էլ կփորձենք:

Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։

 Հեղղինակ՝ Դավիթ Աբովյան

No comments: